Ընդհանուր տեղեկատվություն

NABU-ի առաքելությունը

Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) նպատակ ունի ոգեշնչել հասարակությանը կոլեկտիվ ջանքերով իրենց ներդրումն ունենալ բնության պահպանության գործում: Մենք ցանկանում ենք, որ մեզ հաջորդող սերունդները ևս հնարավորություն ունենան ապրելու կենսամիջավայրերի ու տեսակների բազմազանությամբ, թարմ օդով, մաքուր ջրով, առողջ հողով, ինչպես նաև չվերականգնվող ռեսուրսների մեծ պաշարներով օժտված երկրագնդի վրա:

Ընդհանուր տեղեկատվություն

Ինչի՞ ենք մենք հավատում 

Երկրագնդի ձևավորման համար միլիոնավոր տարիներ են պահանջվել: Դա մարդկային պատկերացումների շրջանակներից վեր մի ժամանակահատված է: Մարդու ընկալումից վեր է նաև մեր մոլորակի վրա գոյություն ունեցող տեսակների բազմազանությունը: Կենսաձևերի ձևավորման հսկա բազմազանության պայմաններում մարդկային գիտակցության հնարավորություններից դուրս է ճանաչել բոլոր այդ տեսակները, առավել ևս հասկանալ դրանց առանձնահատկությունները կամ էկոհամակարգում նրանց նշանակությունը: Մարդը երկրագնդի պատմության ընթացքում ստեղծված բարդագույն մի կառույցի միայն մի մասնիկն է:

Չնայած դրան, կամ գուցե հենց այդ պատճառով, մարդկության խնդիրն է Երկրագունդը պահպանել հաջորդ սերունդների համար: Աչքի առաջ ունենալով մեր մոլորակի առջև կանգնած բազմաթիվ սպառնալիքները՝ կարող ենք հասկանալ խնդրի բարդությունը: Ջուրը, օդը և հողը աղտոտված են, առկա է կլիմայի փոփոխության իրական վտանգ, տեսակների ոչնչացումը վիթխարի չափերի  է հասել:  Ինքնին պարզ է, որ մենք պարտավոր ենք մեր ունեցած բոլոր հնարավորություններով, առանց վայրկյան իսկ հապաղելու ձեռնամուխ լինել մեր առջև դրված այդ խնդրի լուծմանը:

Ոչ ոք չի կարող միայնակ կատարել բնությունը պաշտպանելու և այն հաջորդ սերունդներին փոխանցելու դժվարին առաջադրանքը: Այդ պատճառով Գերմանիայի բնության պահպանության միության անդամներն ու հովանավորները փորձում են այդ նպատակին հասնել համատեղ ուժերով՝ բազմակողմանի մասնակցությամբ: Այդ  պատճառով կոնկրետ տարածաշրջաններում բնության պաշտպանությանը նույնքան կարևոր տեղ է տրվում, որքան գիտական հետազոտություններին: Քաղաքականության մեջ ներգրավվածությունը, էկոլոգիական կրթության մեջ նորամուծությունների ներդրումը և հասարակության հետ հարաբերությունների հաստատումը նույնպես հանդիսանում են մեր աշխատանքի բաղկացուցիչ մասերը: Դրանց են միանում նաև տնտեսության, քաղաքականության և քաղաքացիական շահագրգիռ խմբերի հետ բազմակողմանի զրույցները, որոնք ևս NABU-ի հանուն բնության պահպանության պայքարի միջոցներ են հանդիսանում: Եվ քանի որ հնարավոր չէ բնության պահպանության համար սահմաններ գծել, մեր գործունեությունը դուրս է եկել Գերմանիայի սահմաններից. միջազգային համագործակցությունը ևս մեր գործունեության կարևոր մաս է:

Այս էջերում մենք ցանկանում ենք ներկայացնել մեր աշխատանքը և զարգացնել կենսական ապագայի հեռանկարները:

Ձեր Օլաֆ Չիմփքե
NABU –ի նախագահ

NABU-ի պատմությունը

Բնապահպանությունն ունի պատմություն, քանի որ տեսակների վերացումը, ջրի և օդի աղտոտումը, լանդշաֆտների աղճատումը, կենդանի արվարձանների վերացումը և խոնավ տարածքների չորացումը միայն մեր ժամանակներին բնորոշ երևույթներ չեն: Դեռևս 100 տարի առաջ այս ազդեցությունները Գերմանիայի շրջակա միջավայրի վրա սարսափեցնում էին բազմաթիվ ժամանակակիցների: Դրա անմիջական հետևանքներից մեկն էր Թռչունների պաշտպանության միության ստեղծումը 1899թ.-ին, որից  հետո առաջացավ այժմյան NABU-ն:

Ընդհանուր տեղեկատվություն

NABU ժամանակագրություն

1899թ. "Թռչունների պաշտպանության միություն” կազմակերպության  (“Bund für Vogelschutz” հետագայում՝ (BfV)) հիմնում Լինա Հէնլէի կողմից (նախագահել է մինչև 1938թ.): Որոշվեց հատկապես ցածր տարեկան գումարը՝ “Երջանկության բաղադրատոմս”-ը՝ չափահասների համար 50 ֆենիգ, իսկ երեխաների համար՝ 10 ֆենիգ: Բրեն գետի վրա գտնվող Գրինգենի մոտ ստեղծվեց առաջին խնամվող, պաշտպանվող տարածքը՝ թռչունների կղզին: Տարվա վերջին 3.500 անդամ:

1902թ. Առաջին տարեկան ամսագրի հրատարակում (լույս էր տեսնում մինչև 1974թ.): Սպիտակ կռունկների և դրախտահավերի, որոնց որսում էին իրենց շքեղ փետուրների պատճառով (կանացի գլխարկների համար), փրկարարական նախաձեռնության սկիզբ: Տարեվերջին 6.100 անդամ:

1906թ. Գովազդային ակցիա ազնվականների շրջաններում, որի հետևանքով միության անդամներ դարձան Շվեդիայի, Ռումինիայի և Բուլղարիայի թագավորները, վյուրթեմբերգյան արքայական զույգը և գրեթե բոլոր գերմանական իշխանները: 1912թ. ԱՄՆ նախագահ Վիլսոնը նույնպես դարձավ միության անդամ:

1908թ. Առաջին պաշտպանության տակ գտնվող տարածքի գնում՝ ծիծեռնակների կղզի Նեկարում՝ Լաուֆենի շրջակայքում: Առաջին լոբբիական հաջողությունը՝ կայսրության թռչունների պաշտպանության մասին օրենքի փոփոխություն:

1910թ. Առաջին երկրամասային միությունների հիմնում (Վյուրթեմբերգ, Բադեն, Բավարիա և Շվելսվիգ-Հոլշթայն, մինչ այդ ամբողջ կայսրությամբ գոյություն ունեին առանձին խմբեր): Տարվա վերջին 21.900 անդամ՝ 341 տեղական խմբերում: Թռչունների պաշտպանության առաջին գերմանական օրվա ստեղծում Բեռլինում:

1911թ.  Բեռլինի և Հռենոսի նահանգի երկրամասային միությունների հիմնում: Առաջին ճահճային և մարգագետնային 74 հա մակերեսների գնում վերինշվաբյան Ֆեդերզեե լճի մոտ՝ 3000 հա, որից մոտ 1000 հա գտնվում է NABU-ի պաշտպանության տակ (ամենամեծ տարածքը): Հետագա այլ պաշտպանական շրջանների ձևավորում՝ այդ թվում Հիդդենզեե լճի և Մելլում հարթավայրի վրա: Մեծությամբ երկրորդ լոբբի հաջողությունը Նոր Գվինեա և Սամոա գերմանական գաղութներում բոլոր դրախտահավերին պաշտպանության տակ առնելու հարցում:

1912թ.  Միությունների ռեգիստրում որպես “գրանցված միություն” գրանցումը, ինչի շնորհիվ միությունն, օրինակ՝ հողակտորների գնման պարագայում, արդեն կարող է հանդես գալ որպես ինքնուրույն իրավաբանական անձ:

1914թ.  Գրանցվեց ամենամեծ ցուցանիշը՝ 41.323 անդամ, որից հետո Առաջին Համաշխարհային պատերազմի հետևանքով այս թիվը թեթևակի նվազեց:

1920թ. "Թռչունների պաշտպանության և այլ բնապահպանական տարածքների”  (“Zeitschrift für Vogelschutz und andere Gebiete des Naturschutzes") ամսագրի հիմնում (բազմաթիվ անվանափոխություններից հետո այժմ կոչվում է “Բնապահպանություն և լանդշաֆտների խնամք” ("Naturschutz und Landschaftspflege"))՝ հրատարակվում է Բնապահպանության դաշնային գերատեսչության կողմից:

 1924թ.  Անդամների թվի նվազում մինչև 30.000 տնտեսական ճգնաժամի պատճառով: Վոլլմաթինգեր Ռիդում (Բոդենզեե) առաջին մակերեսների գնում: Գիշատիչ թռչունների և կուղբերի պաշտպանության համար խրախուսանքների մրցույթ: “Թռչունների պաշտպանության միջազգային խորհրդի” (IRV) գերմանական մասնաճյուղի հիմնում, որի ամենամեծ անդամը BfV-ն է:

1925թ. Միության սեփականություն հանդիսացող Էլբա գետի մոտ ընկած Շթեքբի կուղբերի պաշտպանության գոտում վնասատուների դեմ կենսաբանական պայքարի երկարամյա փորձերի սկիզբ: 

1928թ.  Հողաշինարարության հետևանքով լանդշաֆտի ոչնչացման դեմ պայքարի սկիզբ:  Դրեզդենի մոտայքում գտնվող Բիրքվիտցյան լճի գնում և Բոդենզեե լճի Մեթնաու թերակղզու, Քնեխթզանդի և Համբուրգյան Հալլիգի այլ պաշտպանության տակ գտնվող տարածքների վարձակալում:

1935թ. Կայսերական անտառատնտեսության նախարարության պահանջով Միուրյունը վերանվանում է՝ “Թռչունների պաշտպանության կայսերական միություն” ("Reichsbund für Vogelschutz (RfV)"):

1938թ.  Ռայնհարդ Վենդեհորսթի նախագահության սկիզբ (մինչև 1943թ.):

1939թ.  Հերման Գյորինգի հրամանով թռչունների պաշտպանության բոլոր գերմանական միությունների միացումը RfV-ին: Տարեվերջին անդամների թիվը՝ 53.000:  Պատերազմի ընթացքում գրավված տարածքներում առաջանում են RfV-ի խմբեր և անգամ գրասենյակներ:

1945թ.  Միությունը դանդաղորեն վերականգվում է Արևմտյան Գերմանիայում "Թռչունների պաշտպանության միություն” անվան տակ (“Bund für Vogelschutz” (BfV))՝ սկզբում դեռ բաժանված ըստ դաշնային հողերի մասերի և գրավված գոտիների: Արևելյան Գերմանիայում թռչունների պաշտպանության խմբերը վերջիվերջո պատկանում էին ԳԴՀ-ի մշակութային միությանը:

1948թ. Պաշտոնական  հիմնում Դաշնության մակարդակով: Հերման Հենլեի նախագահության սկիզբ (մինչև 1965թ.):

1951թ.  BfV-ի բոլոր արևմտագերմանական երկրամասային խմբերի վերջնական միացում ՝ բացառությամբ Բավարիայի թռչունների պաշտպանության երկրամասային միության (LBV):

1961թ.  Զաար երկրամասային միության հիմնում:

1966թ.  Միությունը վերանվանում է “Թռչունների պաշտպանության գերմանական միություն” (Deutscher Bund für Vogelschutz (DBV)) և վերակազմակերպվում մի տանիքային միության, որի անդամներն են երկրամասային ուժեղացված միությունները: Սպիտակ արագիլն ընտրվում է որպես գերբի թռչուն (Թռչունների պաշտպանության միջազգային խորհրդի կողմից որոշվում է այն համարել "ազգային թռչուն”, այժմ խորհուրդը կոչվում է BirdLife International): Սեբասթիան Փֆայֆերի նախագահության սկիզբ (մինչև 1969թ.), գրասենյակի տեղափոխումը Գինգենից Փֆայֆերի բնակավայր՝ Ֆրանկֆուրթ: Անդամների թիվը՝ 57.000:

1969թ. Դոկտոր Քլաուս Քյոնիգի նախագահության սկիզբ (մինչև 1984թ.): Անդամների համար “Մենք և թռչունները” ("Wir und die Vögel") ամսագրի առաջին հրատարակում  (սկզբից միայն Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային հողում, իսկ 1971թ.-ից սկսած ամբողջ Դաշնությունում): Գրասենյակի ստեղծում Շթութգարթում, 1973թ. գործադիր տնօրենի նշանակում:

1970թ. Երիտասարդական աշխատանքների ուժեղացում: Քլաուս Ռուգեսն ընտրվում է որպես Դաշնության երիտասարդության ղեկավար: Համբուրգի երկրամասային միությունը դուրս է գալիս տանիքային միությունից:

1971թ. Բազեն ընտրվում է տարվա առաջին թռչուն: "DBV-հրատարակչության" հիմնում:

1974թ. Տանիքային միության ձևափոխումը ուղղահայաց մասնատվածություն ունեցող դաշնային միության: "Շթութգարթյան ծրագրի" ստորագրում:

1975թ. Ֆեմարն կղզու վրա 300 հա մակերեսով Վալնաու լճի գնում, որը հետագայում դառնում է  թռչունների արգելանոց: Վերջապես 1908թ.-ից DBV-ի կողմից անդադար պահանջված գիշատիչ թռչունների որսի և դրանց առք ու վաճառքի արգելք՝ սկզբում Բադեն-Վյուրթեմբերգում, ավելի ուշ՝ ամբողջ Դաշնությունում:

1978թ. Հունվարի 1-ին վերամիավորվում է Համբուրգի երկրամասային միությունը:

1979թ. "Գիսենյան ծրագրի" ստորագրում:

1980թ. Զունդեր կալվածքի գնում Մայսենդորֆյան լճի եզրին, բնապահպանական դպրոցի զարգացման սկիզբ: DBV-հրատարակչության ընդլայնում մեկ առաքման ծառայությամբ և  DBV-տուրերով: Տարեվերջին անդամների թիվը՝ 101.600:

1982թ. Ինքնուրույն գործող "DBV-երիատասարդության" հիմնում:

1983թ. Զունդեր կալվածքում բնապահպանական դպրոցի օծում:

1984թ. Դոկտոր պրոֆ. Բերնդթ Հայդեմանի նախագահություն (մինչև նոյեմբեր), դոկտոր Հանս Շոլթենի նախագահության սկիզբ (մինչև 1988թ.): Անդամների թվի աճ մինչև 125.350:

1985թ. Անդամների համար լույս տեսնող “Մենք և թռչունները” ամսագրի անվանափոխություն՝ “Բնապահպանությունն այսօր” ("Naturschutz heute"):

1986թ. Լոբբի գրասենյակի հիմնում Բոննում, որը հետագա տարիներին կստանձնի այլ առաջադրանքներ: DBV-ի առաջին պաշտոնական դիրքորոշումը ատոմային էներգիայի օգտագործման դեմ: Այլընտրանքային “Գերմանիայի տրանսպորտային կլուբի” ("Verkehrsclub Deutschland (VCD)") համահիմնում: "Բեռլինյան ծրագրի" ստորագրում:

1987թ. “DBV-երիտասարդության” անվանափոխություն՝  “Բնապահպան երիտասարդությունը DBV-ում": DBV-հրատարակչության վաճառք:

1988թ.  Քլաուս Դյուրքոփի նախագահության սկիզբ (մինչև 1992թ.):

1990թ. “Բնության և շրջակա միջավայրի ընկերության” լուծարում և “ԳԴՀ-ի բնապահպանական միության” հիմնում: NABU-ի հետագա փոխտնօրեն դոկտոր պրոֆ. Միխաել Զուքոն մի քանի ամիսների ընթացքում իրականացնում է ԳԴՀ-ի ազգային պարկի ծրագիրը: DBV-ի անվանափոխությունը “Գերմանիայի բնապահպանական միության” (“Naturschutzbund Deutschland (NABU)”) և ապա միավորումը ԳԴՀ-ի բնապահպանական միության հետ: Ըստ ԳԴՀ-ի նմուշի՝ մասնագիտական հանձնաժողովի կառուցվածքի ստեղծում ուղղահայց մասնատմանը զուգահեռ: Տարեվերջին անդամներին թիվը՝ 138.900:

1992թ. Յոխեն Ֆլասբարթի նախագահության սկիզբ (մինչև 2003թ. փետրվար): “Շրջակա միջավայրի պաշտպանությունը - պետության նպատակ” ընդգկրումը սահմանադրությունում, հաջողակ մրցարշավի սկիզբ:

1993թ. “Թռչունների պաշտպանության միջազգային խորհրդի” վերափոխումը “BirdLife International”-ի, որի միակ գերմանական ներկայացուցիչն է դառնում NABU-ն: Տարեվերջին անդամների թիվը՝ 185.100:

1997թ. Բլումբերգեր Մյուլե տեղեկատվական կենտրոնի բացում Շորֆհայդե-Քորին կենսոլորտների արգելանոցում: Քորնվեսթհայմի մասնաճյուղի վերջնական լուծարում:

1999թ. NABU-ի 100-րդ տարեդարձի տոնակատարություն Շթութգարթում  և ապագայի կոնգրես Համբուրգում:

2001թ. Բավարիայի թռչունների պաշտպանության երկրամասային միությունը կրկին միավորվում է NABU-ին որպես բավարական գործընկեր:

2003թ. Օլաֆ Չիմփքեն ընտրվում է նոր նախագահ:

2004թ. NABU-ն սկսում է “Բարի գալուստ, գայլ”  ակցիան:

2005թ. Նոր  համատեղ ակցիա “Այգու թռչունների ժամը” խորագրով: Նոյեմբերին  մեկնարկում է Ստորին Հավելի վերաբնականեցման մեծ ծրագիրը՝  իրականացման փուլը սկսում է 2010թ.:

2007թ.  Ցտեսություն Ռայնլանդ, բարև Բեռլին՝ դաշնային կենտրոնական գրասենյակի տեղափոխումը մայրաքաղաք: Օլաֆ Չիմփքեն NABU-ի հին և նոր նախագահն է: NABU-ի պատվիրակները նրան Համբուրգում դաշնային ներկայացուցիչների համաժողովում վերընտրում են հետագա չորս տարիներին պաշտոնավարելու նպատակով:

2009թ. Բազմամյա իմիջ մրցարշավի սկիզբ “Բնապահպանություն անողներ” կարգախոսի տակ:

2010թ. Տարեսկզբին միությունն ունի ավելի քանի 460.000 անդամներ և հովանավորներ: NABU-ն ամբողջ Դաշնությամբ վերահսկում է ավելի քան 5000 պաշտպանության տակ գտնվող տարածքներ և ունի մոտ 80 բնապահպանական կենտրոններ: Կենտրոնական դաշնային գրասենյակում աշխատում են մոտ 100 աշխատակիցներ: Դաշնային միության բյուջեն կազմում է մոտ 21 մլն. եվրո:

Գերմանիայի բնության պահպանության միությունը ակտիվորեն պայքարում է հանուն մարդկության և բնության պահպանության

Հնարավո՞ր է գտնել բնության պահպանությանը դեմ որևէ փաստարկ: Իրականում ամեն ինչ խոսում է գեղեցիկ և առողջ շրջակա միջավայրի պաշտպանության օգտին: Քանի որ մարդը իր գործունեությամբ հաճախ բացասաբար է ազդում բնության ներդաշնակ գոյության վրա, NABU-ի գործունեության պահանջարկը միշտ բարձր է ինչպես Գերմանիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: NABU-ն պայքարում է, որ մարդիկ բնության գեղեցկության և բազմազանության հաճույքը միայն ֆլիմերում և արհեստական այգիներում չվայելեն: NABU-ի ակտիվ բնապահպանական գործունեությունը հիմք է հանդիսանում նաև կլիմայի պաշտպանության և տեսակների բազմազանության պահպանության համար:

NABU-ի 520 հազար անդամներն ու հովանավորները պայքարում են հանուն բնության պաշտպանության: Նրանք իրենց գործուենությունը ծավալում են կամավորության սկզբունքով, Գերմանիայի ամբողջ տարածքում գտնվող շուրջ 2000 տեղական միությունների ու խմբերի միջոցով: NABU-ի երկրամասային և դաշնային գրասենյակները կազմակերպում և կառավարում են բնության պահպանությանն ուղղված աշխատանքները: Կառավարման բարձրագույն օղակ է հանդիսանում է Դաշնային ներկայացուցիչների ժողովը, որը կազմվում է երկրամասային միությունների ներկայացուցիչներից՝ հաշվի առնելով նրանց անդամների թիվը: Դաշնային գրասենյակից անկախ՝ Գերմանիայի տարածքում գործում են երկու խոշոր NABU-հիմնադրամներ. “NABU-բնության պահպանություն” միջազգային հիմնադրամը և “NABU-Ազգային բնական ժառանգություն” հիմնադրամը: Ավելին, գոյություն ունեն 10 փոքր NABU հիմնադրամներ, որոնք Գերմանիայի Դաշնության տարածքում իրականացնում են տարբեր ուղղվածություն ունեցող բնապահպանական գործունեություն: Բնության պահպանությամբ հետաքրքրվող երեխաներն ու պատանիները ներգրավվում են անկախ գործող NABU-երիտասարդական կազմակերպության՝ NAJU -ի շարքերում:

Միջազգային ասպարեզում NABU-ն անդամակցում է „BirdLife International“ գլոբալ ցանցին, որի գլխավոր նպատակը երկրագնդի համար կարևոր նշանակություն ունեցող տեսակների և նրանց կենսամիջավայրի բազմազանության պահպանության և աշխարհագրական  տարածվածության ապահովումն է: Բացի այդ, NABU-ն հանդիսանում է IUCN (Համաշխարհային պահպանության միություն), Europarc, ինչպես նաև EEB (Եվրոպական շրջակա միջավայրի գրասենյակ) կազմակերպությունների անդամ:

NABU-ի գործունեությունը ամփոփ կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.

-         բնության պահպանության և զարգացման ոլորտում գիտական հետազոտություններ, կարևոր կենսամիջավայրերի պահպանությանն ուղղված ծրագրերի իրականացում,

-         պահպանվող տարածքների ձևավորմանն ու կառավարմանն ուղղված աշխատանքներ,

-         տարածաշրջաններում գործող խմբերի կամ NABU հիմնադրամների միջոցով կարևոր կենսամիջավայրերի գնում և կառավարում,

-         ագրարային քաղաքականության բարեփոխումներին ուղղված լոբբիստական աշխատանքներ,

-         Գերմանիայում, Եվրոպայում և առհասարակ ամբողջ աշխարհում արտանետումների կրճատմանն ուղղված լոբբիստական և այլ տիպի աշխատանքներ,

-         միջուկային էներգիայի արտադրության դարդարեցմանն ուղղված լոբբիստական և այլ տիպի աշխատանքներ,

-         բնության պահպանությանն ուղղված հասարակական աշխատանքներ (տեղեկատվական և այցելուների կենտրոն, անդամների կողմից հրատարակվող ամսագիր, կայքէջ համացանցում, տեղական խմբային աշխատանքներ, զանգվածային լրատվական միջոցների հետ աշխատանք),

-         հատուկ շեշտադրում երիտասարդության հետ աշխատանքի և էկոլոգիական կրթության վրա,

աջակցություն արտասահմանում գործող գործընկեր կազմակերպություններին (հասարակական կազմակերպություններ) բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված սահմանված նպատակներին հասնելու համար:

 

 

 

© 2013 csr-biodiversity.am
developed by comp-web service
Проверить тИЦ и PR